Մայիսի 27-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ, կատարվեց Խաբարովսկում նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքը:
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում ավելի քան 10 հազար հայ է ապրում: Հեռավոր Արևելքում հայերի հոսքը սկսվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին, համայնքը ստավարացել է 90-ականներից: Հայերն այստեղ ներգրավված են հիմնականում գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներում, և, որպես բանիմաց մասնագետներ, վայելում են քաղաքի իշխանության վստահությունը: Խաբարովսկում գործում է կիրակնօրյա դպրոց, ունեն երգի ու պարի, մարզական խմբակներ:
Հիմնօրհնեքի արարողությունը մեծ իրադարձություն էր քաղաքի համար: Այն իրենց ներկայությամբ պատվել էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում` Խաբարովսկի երկրամասի օրենսդիր դումայի նախագահ Իրինա Զիկունովան, քաղաքապետ Սերգեյ Կրավչուկը: Շրջակա բնակավայրերից բազմաթիվ հյուրեր էին ժամանել։ Շարականների ու սաղմոսների երգեցողության ներքո հոգևորականները նախ ջրով, ապա գինիով լվացին վեմ քարերը, որից հետո Եզրաս սրբազանը օծեց դրանք։ Խաչանիշ քարերը եկեղեցու խաչքավորները զետեղեցին աղոթատան հիմքում։ Եկեղեցու կիսակառույց պատի մեջ հանդիսավորապես տեղադրվեց նաև արձանագրություն՝ աղոթատան կառուցման թվականի և բարերաների մասին:
Նվիրական օրվա առիթով շնորհավորելով Խաբարովսկի հայերին՝ սրբազան հայրն ասաց, որ նորակառույց եկեղեցին համախմբելու ու խթանելու է հոգևոր և ազգային կյանքը, օրհնություն է բերելու ընտանիքներին։ Եզրաս սրբազանը նաև պատգամեց զորեղ պահել եկեղեցասիրության ոգին ու հավատքը, որպեսզի ոչ մի չար ուժ չկարողանա շեղել ճշմարիտ հավատից։
Քաղաքապետ Սերգեյ Կրավչուկը, խոսելով եկեղեցու կառուցման անհրաժեշտության մասին, նշեց, որ այն նպաստելու է համերաշխության ու լավատեսության հաստատմանը։ «Այսօր նշանավոր օր է ոչ միայն հայերի, այլև մեր երկրամասի համար, որովհետև մի նոր սրբատեղի ավելացավ մեր քաղաքում։ Հայ ժողովուրդը հայտնի է մեզ որպես ավանդապահ և եկեղեցասեր ազգ: Եկեղեցի կառուցելով՝ դուք հավետ պահպանում ու պաշտպանում եք ձեր սրբազան արժեքները»,-նշեց քաղաքապետը:
Նշանավոր իրադարձության առիթով Խաբարովսկի և Ամուրի միտրոպոլիտի ողջույնի ու օրհնության խոսքը փոխանցեց հայր Գեորգի Սիվակովը:
Եկեղեցու կառուցման աշխատանքները համակարգում է բարերար և խաչքավոր Գրիշա Թորոյանը: Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին ունի 36 մետր բարձրություն և երեսապատվելու է Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել հովվատուն և մշակութային կենտրոն։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան